15 սեպտեմբերի 2009 - 20:43 AMT
Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը
Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը սեպտեմբերի 13-ին հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին: Հանդիպմանը դեսպան Առաքելյանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր` երկկողմ հարաբերությունների զարգացմանն առավել նպաստելու եւ նախանշված երկկողմ ծրագրերն իրականացնելու ուղղությամբ:
Իրանի նախագահն իր հերթին ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս խորացնելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ իրագործելու ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանն ու կայունությանը:
Գրիգոր Առաքելյանը հույս հայտնեց, որ Իրանի նոր կառավարության վերջնական ձեւավորումից հետո կշարունակվեն երկու երկրների պաշտոնատար անձանց փոխայցելությունները եւ նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը` ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների հետագա զարգացման, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: