19 հոկտեմբերի 2009 - 16:14 AMT
Արթուր Աբրահամը նոկաուտի է ենթարկել Ջերմեյն Թեյլորին մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ
Միջին քաշային կարգում IBF վարկածով նախկին աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը բռնցքամարտի «Super Six World Boxing Classic» մրցաշարի իր առաջին մենամարտում նոկաուտի է ենթարկել այդ նույն քաշային կարգում աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն Ջերմեյն Թեյլորին:
Բեռլինում կայացած մենամարտում, լի տրիբունաների աչքի առջեւ, 29-ամյա Աբրահամը վստահաբար վերցրեց նախաձեռնությունը, թեեւ նրա մրցակից 31-ամյա Թեյլորը շատ էր շարժվում եւ մինչ 12-րդ ռաունդի ավարտը Աբրահամը հզոր աջ ուղիղ հարվածով նոկաուտի ենթարկեց Թեյլորին:
Վաղաժամ հաղթանակը Արթուրին դարձրեց մրցաշարի առաջատարը, քանի որ, ըստ կանոնների, առաջին, խմբային փուլում վաղաժամկետ հաղթանակը 3 միավոր է բերում մարզիկին, դատավորի որոշմամբ նվաճված հաղթանակը` 2 միավոր, ոչ ոքին` մեկ միավոր, եւ պարտությունը` ոչինչ:
Երկրորդ մենամարտում Կառլ Ֆոքսը հաղթեց ամերիկացի Անդրե Դիրրելին մրցավարների ոչ միաձայն որոշմամբ` 115-112, 115-112 եւ 113-114 հաշվով:
Այդպիսով, Արթուր-արքան իր 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում եւ 25-րդը` նոկաուտով: