10 նոյեմբերի 2009 - 12:04 AMT
Հայաստանը մասնակցում է ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի 57-րդ նիստին
Այսօր Դուշանբեում բացվում է ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի 57-րդ նիստը, հաղորդում են Տաջիկստանի ԶԼՄ-ները:

ԱՊՀ ՊՆԽ աշխատանքին մասնակցում են Հայաստանի, ՌԴ-ի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները:

Ըստ օրակարգի, պաշտպանության նախարարները պետք է հավանություն տան մինչեւ 2015թ. ԱՊՀ մասնակից երկրների Ռազմական համագործակցության հայեցակարգին, հաստատեն 2010թ. ԱՊՀ ՊՆԽ աշխատանքի պլանը, ԱՊՀ մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զարգացման հիմնական ուղղությունները մինչեւ 2015թթ.:

Նիստում պետք է հաստատվեն ՊՆԽ նոր աշխատանքային մարմնի` Ինժեներային ապահովման հարցերի համակարգող կոմիտեի մասին դրույթները: Բացի այդ, Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն 1941-45թթ. Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստմանն առնչվող հարցեր: