17 նոյեմբերի 2009 - 18:33 AMT
ԼՂՀ այցելած թուրք լրագրողն Ադրբեջանում persona non grata է դարձել
Թուրքական Aksam թերթի լրագրող Նագեհան Ալչին, որը Լեռնային Ղարաբաղ էր այցելել առանց ադրբեջանական կողմի համաձայնության, Ադրբեջանում persona non grata է դարձել: Այդ մասին հայտնեց Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:

Նրա խոսքով, առանց ադրբեջանական կողմի համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելած անձինք անկախ իրենց մասնագիտական գործունեությունից Ադրբեջանի օրենսդրությանը հակասող գործողությունների պատճառով ներառվում են «անցանկալի անձանց» ցուցակում: «Դա վերաբերում է ե'ւ լրագրողներին, ե'ւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին»,- ասաց Պոլուխովը:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, միեւնույն ժամանակ Ստամբուլում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսությունից ստացած տեղեկատվության համաձայն, Aksam թերթի խմբագրությունը լրագրողի այցը Լեռնային Ղարաբաղ գնահատել է որպես մասնավոր եւ հաղորդել, որ այցն իրականացվել է ոչ խմբագրության հանձնարարությամբ: Էլհան Պոլուխովը հաղորդեց, որ հաշվի առնելով թերթի խմբագրության պաշտոնական պատասխանը, այդ թերթի հետ համագործակցության հարցը դեռեւս դիտարկվելու է, հաղորդում է Trend News-ը: