23 նոյեմբերի 2009 - 18:07 AMT
Հարավային Կովկասում նոր պատերազմ չի լինի
«Չնայած, որ Ադրբեջանի նախագահը նախքան Հայաստանի նախագահի հետ Մյունխենում հանդիպելը հայտարարեց ռազմական գործողությունների վերսկսկման հնարավորության մասին, ես իրական չեմ համարում այդ տարածաշրջանում դեպքերի զարգացման այդպիսի սցենարը: Կարծում եմ` Ալիեւն ինքն էլ, արտասանելով այդ բառերը, ավելի շատ վախեցնում էր հանդիպման կազմակերպիչներին` դրանով իսկ փորձելով նրանց կողմից լրացուցիչ ճնշման հասնել նախագահ Սարգսյանի վրա, ինչով լրջորեն բարձրաձայնեց իր պետության դիրքորոշումը»,- PanARMENIAN.Net-ին հաղորդեց Թել-Ավիվում Արեւելյան Եվրոպայի երկրների Ինստիտուտի տնօրեն, Կնեսսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:
Նրա կարծիքով, այսօր միջազգային հանրությունը թույլ չի տա եւս մեկ պատերազմ ծավալել հարավկովկասյան տարածաշրջանում: Ավելին, հենց ռուս-վրացական ռազմական դիմակայությունը, որի տարելիցը հիշում էին թե' Հարավային Օսիայի, թե' Վրաստանի ժողովուրդները, ցույց տվեց, որ միայն ռազմական ճանապարհով չի կարելի լուծել ամենաբարդ ազգային-տարածքային խնդիրները:
«Ուստի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պետք է պատրաստ լինեն կոշտ դիմակայության բոլոր հարցերի շուրջ կողմերի աստիճանական փոխադարձ մերձեցմանը: Որքանով ես կարող եմ դատել, մյունխենյան հանդիպման արդյունքները փորձագետները դրական գնահատեցին: Կարեւորը, որ նրանք նշում են` նախագահների ցանկությունն է` քննարկելու բավական բարդ ու հակասական կետեր: Իսկ եթե կա ցանկություն, նշանակում է արդյունքներն անպայման լինելու են»,- ընդգծեց Ցինկերը: