3 դեկտեմբերի 2009 - 17:07 AMT
Արձանագրությունների թերությունը գործընթացի ձախողման դեպքում իրավական հետեւանքների բացակայությունն է
Հայ-թուրքական Արձանագրություններում մի շատ մեծ մինուս կա. դրանք վերջնական մշակված չեն: Եթե կողմերից մեկը խախտի Արձանագրություններով նախատեսված պայմանավորվածությունը, ապա դրա համար ոչ մի պատիժ նախատեսված չէ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, ոչինչ չի խանգարում Թուրքիային, որպեսզի նա բացի Հայաստանի հետ սահմանը եւ հջորդ օրը կրկին փակի:

«Արձանագրությունների վավերացումից հետո Թուրքիան 60 օր ունի, որպեսզի բացի սահմանը, բայց եթե նա չանի դա, իրավական առումով նրա հետ ոչինչ չի լինի: Սակայն, եթե Թուրքիան ձախողի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, նա կկորցնի ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ աշխարհի վստահությունը»,- նշեց Գիրագոսյանը:

Ռիչարդ Գիրագոսյանն ընդգծեց, որ եթե Անկարան արգելափակի գործընթացը, ապա Հայաստանին արժե վերանայել սեփական դիրքորոշումը առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: «Միգուցե եւ չարժե հրաժարվել նախապայմաններից»,- ընդգծեց Ռիչարդ Գիրագոսյանը:

Նա արձանագրեց նաեւ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի լուծի Հայաստանի ներքին քաղաքական խնդիրները: