15 դեկտեմբերի 2009 - 15:13 AMT
Հայաստանն ընդլայնում է համագործակցությունը եվրոպական կառույցների հետ
Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը` փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանի եւ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի մասնակցությամբ:

Խորհրդակցությանը անդրադարձ արվեց ս.թ. սեպտեմբերին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների Երեւանում կայացած ամենամյա խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին:

Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:

Անդրադարձ արվեց ս.թ. դեկտեմեբրի 1-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին եւ ընդունված փաստաթղթերին, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Դեկտեմբերի 16-ին Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործանախարարների համաժողովին, ուր նախատեսված է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի ելույթը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: