15 դեկտեմբերի 2009 - 18:01 AMT
Երեւանում տեղի ունեցավ Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման արարողությունը
Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
«Այս հուշարձանի բացմամբ մենք ավարտում ենք գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հանդիսությունները», - հուշարձանի բացման արարողության իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ միջոցառումների շարքում կազմակերպվել են մեծ աստղաֆիզիկոսին նվիրված մի շարք գիտաժողովներ` Մոսկվայում, Մինսկում, Փարիզում եւ այլուր, որոնք հնարավորություն են տվել աշխարհին պատմելու հայ գիտնականների մասին: Ռ. Մարտիրոսյանն հիշեցրեց, որ 2008 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի տարի:
Միջոցառումները կազմակերպող հանձնաժողովը ղեկավարում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հուշարձանի բացմանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Հուշարձանը բացեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ Վիկտոր Համբարձումյանի որդին` ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը:
Միջոցառմանը ներկա ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ընդգծեց, որ այսուհետեւ Տերյան եւ Աբովյան փողոցների միջեւ ընկած հատվածը կրելու է մեծ գիտնականի անունը: