21 հունվարի 2010 - 14:50 AMT
Արձանագրություններին նվիրված համաժողով տեղի կունենա Ջորջ Վաշինգտոնի համալսարանում
Ջորջ Վաշինգտոնի համալսարանում հունվարի 25-ին տեղի կունենա «Հայ-թուրքական արձանագրություններ` իրականություն եւ միֆ» խորագրով երրորդ համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են Policy Forum Armenia կազմակերպությունը , Միջազգային իրավունքի ամերիկայն ընկերությունը եւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Արձանագրությունների վերաբերյալ քննարկմանը հանդես կգան պրոֆեսոր Կատրին Քեսեջյանը (Pantheon-Assas համալսարան, Փարիզ) եւ միջազգային իրավունքի պրոֆեսոր Շոն Մըրֆին:

Առաջին համաժողովը տեղի է ունեցել Ջորջ Վաշինգտոնի համալսարանում 2009թ. նոյեմբերին, երկրորդը` դեկտեմբերի 17-ին Ֆորդհեմ համալսարանի Լինքոլն կենտրոնում:

Policy Forum Armenia կազմակերպությունն անկախ ոչ առեւտրային կազմակերպություն է, որի նպատակն է ամրագրել դիսկուրսը Հայաստանի պետական քաղաքականության շուրջ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: