26 մարտի 2010 - 14:47 AMT
ՀՀԿ. Հայաստանը նպատակ չունի ցանկացած գնով լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Այն, որ պաշտոնական Բաքում հրաժարվում է Հայաստանի հետ ուժի չկիրառման մասին պայմանագիր ստորագրել, վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ կառուցողական հանգուցալուծմանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը: Նրա խոսքերով, Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում մնում է նույնը. Հայաստանը միակողմանի զիջումների չի գնալու, իսկ փոխզիջումներն ընդունելի են միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը եւ համաշխարհային հանրությունը ճանաչեն ԼՂՀ-ն որպես անկախ պետություն: «Հայկական ղեկավարությունը միշտ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանիր կազմում, եւ որ հակամարտության լուծումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով: Մենք պատերազմ չենք ուզում, բայց եւ չենք վախենում դրանից»,- ասել է իշխող կուսակցության քարտուղարը: Նրա խոսքերով, Հայաստանն իր առջեւ նպատակ չունի ցանկացած գնով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Նա ընդգծեց, որ պաշտոնական Երեւանը բանակցություններում մտադիր է հասնել հիմնախնդրի հայանպաստ լուծման:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԼՂ անվտանգության գոտու տարածքները հանձնելու հնարավորության մասին` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԼՂՀ կարգավիճակի ճանաչումից հետո Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի զիջումների չափերը: ՀՀԿ քարտուղարը նշեց, որ Հայաստանը բանակցություններում միշտ բարձրացնում է ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության հարցը բանակցային գործընթացին:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` նա կարեւր նշանակություն տվեց ՀՀ նախագահի այցին Դեր Զոր: «Առաջին անգամ Դեր Զորում Հայաստանի նախագահը հանդես եկավ որպես պահանջատեր` հայտարարելով հայ ժողովրդի Նյուրնբերգի մասին»,- ասել է ՀՀԿ քարտուղարը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` նա հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար պատճառներ չի տեսնում, ինչի մասին հայտարարել էր ՀՅ Դաշնակցությունը: