27 մարտի 2010 - 14:52 AMT
Ռաֆայել Մեհրաբյան. Հայաստանի հավաքականը մրցաշարում հանդես կգա 3 թիմով
Ապրիլի 6-10 Երեւանում առաջին անգամ տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային առաջնություն: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց, որ առաջնությանը կմասնակցեն մոտավորապես 100 բռնցքամարտիկներ աշխարհի տարբեր երկրներից: «Արդեն հայտեր են ներկայացրել Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի, Մոլդովայի եւ Հայաստանի հավաքականները: Մրցաշարում ելույթ կունենա նաեւ Մակեդոնիայի հավաքականը, որը, սակայն, առայժմ վերջնական հայտ չի ներկայացրել»,- ասաց Հովհաննիսյանը:
Իսկ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց, որ Հայաստանի հավաքականը մրցաշարում հանդես կգա 3 թիմերով` յուրաքանչյուր քաշային կարգում 3-ական բռնցքամարտիկ: «Մարտի 22-ից Արարատում ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնում եւ պատրաստվում ենք առաջնությանը: Հավաքները կավարտվեն ապրիլի 5-ին»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:
Գագիկ Ծառուկյանի առաջնությունը հավակնում է վարկանիշային դառնալ 2012 թվականի լոնդոնյան Օլիմպիական խաղերում:
Այդ առաջնությունը հայ բռնցքամարտիկների համար վերջինը կլինի նախքան Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը տեղի կունենա Մոսկվայում հունիսի 4-13-ը: