Այսօր Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրն է, այն կոչվում է նաև Աղետի զոհերի հիշատակի և հերոսության օր, նշվում է Իսրայելում և աշխարհի բոլոր հրեական համայնքներում:
Ըստ ավանդության գլխավոր արարողությունը տեղի է ունենում Երուսաղեմի Հոլոքոսթի զոհերի “Յադ վաշեմ” հուշակոթողի տարածքում:
Վառվել է վեց ջահ` նացիստների կողմից ոչնչացված վեց միլիոն հրեաների թվով: Ողջ երկրում խոնարհվում են դրոշները: Նախօրեին երկրի ողջ տարածքում փակվել են խանութները, ռեստորաններն ու զվարճանքի այլ վայրերը: Սգո արարողություններն անցնում են նաև դպրոցներում և ռազմակայաններում: Իսրայելի ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը նվիրված են Հոլոքոսթի իրադարձություններին: Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հանդես է եկել զգուշացմամբ` հրեական պետությանը նոր ոչնչացում է սպառնում Իրանի կողմից:
“Իրանի առաջնորդները ձգտում են միջուկային զենք ստեղծել, հայտարարել է Նեթանյահուն:-Նրանք բացահայտ կերպով հայտարարում են Իսրայելը ոչնչացնելու մտադրության մասին”: Նա հայտարարել է նաև, որ միջազգային հանրության արձագանքը Իրանի սպառնալիքներին թույլ էր և գնալով մարում է:
Նեթանյահուն չկրկնեց իր սպառնալիքն այն մասին, որ Իսրայելը կանխարգելիչ հարված կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին: Սակայն Իսրայելի կառավարության ղեկավարն ընդգծեց, որ եթե հրեաները դասեր են քաղել Հոլոքոսթից, նրանք չպետք է լռեն և անգործության մատնվեն` բախվելով չարիքի հետ, հաղորդում է VOA News-ը: