ՄԱԿ Գյուղատնտեսության և պարենի գծով կազմակերպությունը (FAO) Երևանում մայիսի 11-12 կկազմակերպի Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ECA) 36-րդ նստաշրջանը, իսկ մայիսի 13-14` 27-րդ Եվրոպական տարածաշրջանային խորհրդաժողովը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Regional Environmental Centre for the Caucasus ծառայությունից:
Խորհրդաժողովին կմասնակցեն Եվրոպական տարածաշրջանում FAO անդամ պետությունները, ՄԱԿ ներկայացուցիչներն ու մասնագիտացված հաստատությունները, ինչպես նաև դիտորդներ:
Միավորված Ազգերի Գյուղատնտեսության և պարենի գծով կազմակերպությունը (FAO) առաջատար դեր է խաղում սովի դեմ պայքարին ուղղված միջազգային գործունեության մեջ: Սպասարկելով ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրները` FAO-ն հանդես է գալիս որպես չեզոք ֆորում, որտեղ բոլոր պետությունները հավասար հիմքերով հանդիպում են համաձայնագրերի, ինչպես նաև քաղաքականության հարցերի շուրջ քննարկումների անցկացման համար: FAO-ն աջակցում է նաև զարգացող երկրներին ու փոխանցվող տնտեսությամբ երկրներին` մոդեռնիզացնել և կատարելագործել գյուղական, անտառային ու ձկնային տնտեսության վարման մեթոդները և բոլորի համար անհրաժեշտ սնունդ ապահովել: 1945թ. ստեղծված կազմակերպության ձևավորման պահից ի վեր դրա մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում գյուղական շրջանների զարգացմանը, որտեղ բնակվում է աշխարհի` սովի խնդիր ունեցող աղքատ բնակչության 70 տոկոսը: