13 ապրիլի 2010 - 13:34 AMT
Սեպտեմբերին Հայաստանում կարող է տեղի ունենալ հայ-լիբանանյան գործարար համաժողով

Լիբանանում ընթացող այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին հայ–լիբանանյան տնտեսական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Լիբանանի վարչապետի այս տարվա սեպտեմբերին Հայաստան այցի շրջանակներում անցկացնել հայ–լիբանանյան բիզնեսֆորում:

Քննարկվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հարցը: Սաադ Հարիրին նշեց, որ այդ ուղղությամբ Հայաստանի կողմից կատարվող քայլերն ուղղված են տարածաշրջանում անվտանգություն եւ կայունություն ապահովելուն:

Վարչապետի հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց Լիբանանի նախկին վարչապետ, նահատակ Ռաֆիկ Հարիրիի շիրիմին եւ ծաղկեպսակ դրեց, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

Ապրիլի 12-ի երեկոյան Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց հայաբնակ Այնջար բնակավայր: Նա ծաղկեպսակ դրեց մուսալեռցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում ունեցավ մեր հայրենակիցների հետ: