Ապրիլի 23-ին Ուկրաինայում տեղի է ունենալու “Հայոց ցեղասպանություն. առանց մոռացության իրավունքի” թեմայով կլոր սեղան, որի կազմակերպիչներն են Ուկրաինայի Հայերի ազգային կոնգրեսը և Analitika.at.ua տեղեկատվական վերլուծական կենտրոնը (ՏՎԿ)
Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին Analitika.at.ua ՏՎԿ ղեկավար Մարատ Հակոբյանը, կլոր սեղանին ներկա են լինելու հայտնի ուկրաինացի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դիվանագիտկան կորպուսի ներկայացուցիչներ: Փորձագետի խոսքերով, միջոցառումը ներկայացուցչության մակարդակով աննախադեպ է: Հայոց ցեղասպանությունն այդպիսի բարձր մակարդակով Ուկրաինայում դեռ չի քննարկվել:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում է ցուցահանդեսի կազմակերպում` նվիրված Հայոց ցեղասպանությանը, առաջին անգամ ուկրաինական արխիվներից ցուցադրվելու են նյութեր, որոնք վկայում են անցյալ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին: Ապրիլի 24-ին ցուցահանդեսը բոլոր ցանկացողների համար ներկայացվելու է Ուկրաինական տանը (Կիև, Կրեշչատիկ փ.2), որտեղ տեղի է ունենալու նաև Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմի ցուցադրություն և համերգ-ռեքվիեմ: