Ավելի քան 500 թբիլիսյան հայեր ցույց անցկացրեցին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց` կրկին հաստատելով իրենց կամքն ու պատրաստակամությունը համընդհանուր պայքարի` արդարության հասնելու և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի հարցում: Հավաքվածներից ոչ բոլորն էին կոտորածի զոհերի ժառանգները, սակայն պատմությունն ու ողբն ընդհանուր են յուրաքանչյուր հայի համար:
Ցույցի կազմակերպիչներն էին "Վրաստանի հայ համայնք", "Վրաստանի Համագործակցության Հայկական կենտրոն" և "Վրաստանի հայ ուսանողների միություն" հասարակական կազմակերպությունները:
Բողոքի ցույցին մասնակցում էին այլազգի ներկայացուցիչներ, այդ թվում` ասորական համայնքի նախագահի տեղակալը, որը եկել էր կիսելու հայ ժողովրդի ցավն ու աջակցության խոսքեր հայտնելու:
Հուշ-երեկոյին, որը տեղի ունեցավ ցույցից հետո Շախմատիստների Պալատում, մասնակիցները Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին լռության րոպեով: Ավելի ուշ հնչեցին ելույթներ, ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր, ընթերցվեցին Թբիլիսիի դպրոցականների` "Ես հիշում եմ 1915թ." խորագրով մրցույթին ներկայացված լավագույն շարադրությունները:
Ապրիլի 23-ի երեկոյան "Ճանաչում" և "Հատուցում" կարգախոսներով մի քանի տասնյակ պատանիների և աղջիկների ջահերով երթ կայացավ, որն ավարտվեց ոչ մեծ ցույցով Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Իսկ ապրիլի 12-ին Վրաստանի հայկական կազմակերպությունները Վրաստանի նախագահին ու խորհրդարանին էին դիմել Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկելու կոչով: