25 հոկտեմբերի 2001 - 00:46 AMT
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ` 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՉՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ
ԱՄՆ-ի առաջատար հայկական կազմակերպությունների առաջնորդները նամկ են հղել նախագահ Ջորջ Բուշին` Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը վերացնելուն ուղղված ջանքերից հրաժարվելու պահանջով: Նամակում ընդգծվում է, որ ուղղումը Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության կարեւոր տարր է, եւ այն տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտ գործիք է: Ամերիկայի հայկական համայնքի առաջնորդները նշում են, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, որոնք ուղղված են նրա կողմից իրականացվող Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակման դեմ, հսկայական դեր խաղացին նոր ագրեսիան կասեցնելու գործում: «Մենք վրդովված էինք վարչակազմի ներկայացուցիչների ու Կոնգրեսի որոշ անդամների վերջին գործողություոններով, որոնք հանդես եկան 907-րդ ուղղումը վերացնելու կամ նրա ուժը ժամանակավորապես կասեցնելու օգտին,- ասվում է նամակում:- Ամերիկայի հայկական ողջ հասարակությունը միավորվել է իր պատրաստակամության մեջ կանխարգելել դա եւ վերին աստիճանի հիասթափված կլինի վարչակազմում, եթե վերացվի 907-րդ ուղղումը կամ ժամանակավորապես կասեցվի նրա ուժը»: Փաստաթղթի տակ ստորագրել են 17 քաղաքական, կրոնական, մշակութային եւ հումանիտար կազմակերպությունների ղեկավարները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: