
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել է Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:
Երկրի ղեկավարը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Այնուհետեւ նախագահն այցելել է Շուշի, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ է դրել տանկ-հուշարձանի պատվանդանին եւ զորավար Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Բակո Սահակյանը ներկա է գտնվել Շուշիում ԼՂՀ ՊԲ սպայական կազմի համար կառուցված շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Նույն օրը նախագահը մասնակցել է նաեւ Եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությունը` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, Սփյուռքի ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հյուրեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: