Մայիսի 17-23-ը Վալենսիայում (Իսպանիա) ընթանում է Եվրոպայի ծանրամարտի պատանիների առաջնությունը: Հայ ծանրորդներից առաջինը մեկնարկեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ) և դարձավ Եվրոպայի չեմպիոն:
«Պոկում» վարժությունում Մարգարյանը հավաքեց 105 կգ, իսկ «հրում» վարժությունում ծանրորդը կարողացավ պահել 135-կիլոգրամանոց ծանրաձողը: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 240 կգ և նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Եվրոպայի մեծահասակների առաջնությունում, որն անցնում էր ապրիլի 2-11-ը Մինսկում, 17-ամյա Մարգարյանը բարձրացրեց 255 կգ և նավճեց արծաթե մեդալ:
Պատանեկան առաջնությանը մասնակցում են նաև Իզաբելա Յալյանը (53կգ ք/կ), Վարդան Միլիտոսյանը և Վլադիկ Կարապետյանը (62 կգ ք/կ), Ռաֆֆի Մելիքյանն ու Արեն Ներսեսյանը (77 կգ ք/կ), Ազատ Սայադյանը (85 կգ ք/կ), Համլետ Պողոսյանը (94 կգ ք/կ), Միշա Մուրադյանն ու Գոռ Մինասյանը (+105 կգ ք/կ):