Աշխատանքային այցով Քաթարի Պետությունում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր հանդիպեց Կատարի Պետության փոխվարչապետ, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Աբդուլլահ բեն Համադ ալ Աթթիյահի հետ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց համագործակցության խորացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնվեց աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: Ա. Գևորգյանը համագործակցության համար հեռանկարային համարեց էներգետիկայի, զբոսաշրջության, աշխատուժի ներգրավման ոլորտները: Նշվեց, որ Հայաստանը նախատեսում է մի շարք խոշոր ծրագրերի իրականացում` միջուկային նոր էներգաբլոկի կառուցում, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարություն, և բաց է ցանկացած համագործակցության համար: ՀՀ փոխվարչապետի խոսքով` Հայաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային նշանակության էներգետիկ ու ենթակառուցվածքային ծրագրերին և ցանկություն ունի այդ բնագավառում համագործակցել նաև Քաթարի հետ:
Երկուստեք ընդգծվեց հայ-քաթարական միջկառավարական հանձնաժողովի` որպես համագործակցության զարգացման հարթակի, կարևոր դերը:
Աբդուլլահ բեն Համադ ալ Աթթիյահը նշեց, որ քաթարական կողմը հետաքրքրված է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը` տարածաշրջանային նշանակության ծրագրերին մասնակցելու միջոցով: Հայաստանի հետ գործակցության հարցում նա կարևորեց նաև արաբական երկրներում հեղինակություն վայելող հայկական համայնքների գործոնը:
Քաթարի փոխվարչապետի կողմից ընդունվեց նաև Հայաստան այցի հրավերը:
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր Դոհայում մասնակցեց «Ազատ առևտուր, զարգացում և ժողովրդավարություն» խորագրով միջազգային համաժողովին:
Համաժողովի բացումը կատարեց Քաթարի Պետության էմիր շեյխ Համադ բեն Խալիֆ ալ Թանին: Համաժողովին մասնակցում էին և տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ խոսքով հանդես եկան Ֆինլանդիայի, Մակեդոնիայի նախագահները, մի շարք այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման մալո ծառայությունը: