4 հունիսի 2010 - 13:29 AMT
Հայաստանում քննարկվել են հայ-չինական համագործակցության նոր հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով հունիսի 1-3-ը Հայաստանում էր գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության պատվիրակությունը` ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ցզըին Ֆուի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև 7 գործարարներ:

Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն ընդունել է ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ցզըին Ֆուին և չինական պատվիրակության անդամներին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կապված երկու երկրների առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման, ազատ տնտեսական գոտիների ստեղծման հնարավորությունների, գիտության, հեռահաղորդակցության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ծավալման, գյուղատնտեսական ոլորտում հայկական գիտական և տեխնոլոգիական նորագույն մշակումները կիրառելու, ինչպես նաև Չինաստանում կազմակերպվող ցուցահանդեսներում հայկական բարձրորակ արտադրանքի պատշաճ ձևով ներկայացման հնարավորությունների վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, չինական պատվիրակության անդամներին ներկայացվել են հեռահաղորդակցության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում հայկական կողմի մշակած ծրագրերը, ընդգծել չինական կողմի մասնակցելության նպատակահարմարությունը դրանց մեջ: Որպես համագործակցության հաջողված օրինակ առանձնացվել է “Շանսի-Նաիրիտ” ՀՁ-ը և կարևորվել կողմերի շարունակական աշխատանքն այդ ուղղությամբ:

Անդրադարձ է եղել նաև “Շանհայ-2010” Համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ունեցած հաջողությանը: