7 հունիսի 2010 - 15:25 AMT
«Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ ճապոնացի լուսանկարչի ցուցահանդեսը

Այսօր «Նարեկացի» արվեստի կենտրոնում տեղի ունեցավ երիտասարդ ճապոնացի լուսանկարիչ Հայատո Իմանիշիի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին նրա` Չինաստան, Տիբեթ, Նեպալ, Հնդկաստան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան կատարած ճանապարհորդությունների ժամանակ արված լուսանկարները:

«Ես փորձում էի ցույց տալ գեղեցկությունն ամեն ինչում, քանի որ ամեն ինչ, լինի դա բնություն, երեխա, ժպիտ, աղոթք, ունի իր յուրահատուկ գեղեցկությունը: Ես յուրահատուկ ուժ եմ գտնում աղոթքի և աղոթող մարդկանց մեջ` անկախ նրանց կրոնական պատկանելությունից»,- ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Ցուցահանդեսում ներկայացված են սրբավայրերի և տարբեր երկրների աղոթող մարդկաց լուսանկարներ: Իմանիշին ավելացրեց նաև, որ Ճապոնիայում գտնվող իր հարազատ քաղաքը բնությամբ շատ նման է Հայաստանին և այստեղ նա հոգևոր արժեքներ է գտնում, այդ պատճառով շատ ուրախ է իր աշխատանքները Հայաստանում ներկայացնելու համար :