8 հունիսի 2010 - 18:40 AMT
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել

2010 թ. հունիսի 8-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7.25%:

2010 թ. մայիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 6.3%:

Խորհուրդը համակարծիք է, որ թեև պահպանվում է գնաճային միջավայրը` կապված 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցությունների փոխանցման հետ, այնուամենայնիվ, մոտակա ամիսներին, գնաճի տեմպերը նվազելու են` պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ և դրամի փոխարժեքի ներկա վարքագծով:

Խորհուրդը գնահատում է, որ առկա են անորոշություններ տնտեսության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում: Եվրամիության անդամ որոշ երկրների պարտքային հիմնախնդիրների հետևանքների վերաբերյալ տարաբնույթ սպասումներն էապես ավելացրել են հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծի անորոշությունները: Մյուս կողմից դեռևս անորոշ է գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների վարքագիծը:

Հաշվի առնելով վերոնշյալը` Խորհուրդը նպատակահարմար է գտնում ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխություններից, հայտնում է

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: