18 հունիսի 2010 - 21:04 AMT
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարը շինարարներին հորդորել է վերականգնել պետությանը հասցված վնասը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 18-ին աշխատանքային հանդիպում է ունեցել երեք տասնյակից ավելի ճանապարհաշինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարն անդրադարձել է ոլորտին առնչվող մի շարք խնդիրներին, այդ թվում` ճանապարհների շահագործման, սպասարկման և պահպանման, պայմանագրերի, կատարելագործման, տեխնիկական հսկիչների պատասխանատվության բարձրացման: Այդ մասին հաղորդում է Տրանսպորտի և կապի նախարարի մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Մանուկ Վարդանյանը նշել է, որ այսուհետ ճամփեզրերին մալուխների և ջրագծերի կառուցման թույլտվությունները կտրվեն ճանապարհաշինարարական կազմակերպությունների հիմնավորումների հիման վրա:

Բացի դրանից, նախարարը կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորել է վերականգնել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից կատարված ստուգումների արդյունքում պետությանը հասցված վնասները, հակառակ դեպքում կբարձրացվի հետագա ծրագրերում որպես անբարեխիղճ գործընկեր նրանց մասնակցության նպատակահարմարության հարցը:

Շինարարների կողմից բարձրացվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների ֆինանսավորման հարցը: Նախարարը հայտնել է, որ այդ հարցով արդեն դիմել է ՀՀ կառավարությանը: