Հունիսի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված Ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի միջև 2010-2015թթ. Հայաստանում իրականացվող գործողությունների ծրագիրը»:
Գործողությունների ծրագիրը նախանշում է ՀՀ Կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջիկա վեց տարիների համագործակցության ուղղությունները, որոնք ուղղված են Հայաստանում երեխաների և կանանց իրավիճակի բարելավմանը և երեխաների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
Փաստաթղթով նախատեսվում է բարեփոխումների իրականացում երեխաների սոցիալական ապահովության, նրանց իրավունքների պաշտպանության, հատուկ կրթության որակի բարձրացման, անապահով ընտանիքներին և երեխաներին առավել արդյունավետ սոցիալական ծառայությունների մատուցման և մի շարք այլ ոլորտներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: