Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանն ընդունեց Կանադայի համայնքների պալատի Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլախավորությամբ:
Ողջունելով հյուրերին` Մշտական ներկայացուցիչը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը հակամարտությունների լուծման, միջպետական, ազգամիջյան հարաբերությունների զարգացման, փոխըմբռնման և վստահության մթնոլորտի հաստատման գործում:
Զրույցի ընթացքում ԿառլենԱվետիսյանը ներկայացրեց հակամարտության նախապատմությունը, Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան խնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլը և ԼՂՀ պաշտոնական մոտեցումները հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ` հյուրերի ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի ապակառուցողական, ռազմատենչ կեցվածքի վրա:
Վերջում Կանադայի համայնքների պալատի անդամ Հարոլդ Ալբրեխտը հակիրճ ներկայացրեց իր գլխավորած պատգամավորական խմբի գործունեությունը հայ-կանադական կապերի ամրապնդման գործում, հաղորդում է ՀՀ ԼՂՀ Մշտական ներկայացուցչության մամլո ծառայությունը: