Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալի օգնական Թինա Քայդենաուին:
Ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարը նշեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է:
Կողմերն ընգծեցին ՀՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը և քննարկեցին պլանավորված ռազմական համագործակցության միջոցառումների իրականացումը:
Թինա Քայդենաուն կարևորեց ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, և հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները: Ընդգծվեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարևորվեց շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես կարևոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար, հաղոդրում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: