26 հուլիսի 2001 - 20:33 AMT
36 ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ԴԻՄԵԼ ԷՆ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ
Հանրապետական կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլին իր 36 գործընկերների անունից նամակ է հղել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին` Բաքու-Ջեյհան նավթատարը Հայաստանի տարածքով անցկացնելու կոչով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հայտնել Ջ. Քրոուլիի վաշինգթոնյան գրասենյակում, նամակում ասվում է, որ Բաքու-Ջեյհան նավթատարի անցկացումը Հայաստանի տարածքով կդառնա ամենահուսալի եւ շահավետ ուղին եւ թույլ կտա խնայել մոտ 600 միլիոն դոլար: Բացի այդ, նշում է Քրոուլին, Հայաստանի ներգրավումը տվյալ նախագծում կնպաստի տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրման գործընթացին:
«Որեւէ երկրին տարածաշրջանային նախագծերից դուրս թողնելը նպաստում է միայն անկայունության զարգացմանը: ԱՄՆ-ը պետք է հստակ հայտարարի տարածաշրջանային եւ տրանսռեգիոնալ նախագծերում Հայաստանի ներգրավման անհրաժեշտության մասին: Վաշինգթոնը չպետք է համաձայնի Հայաստանը բոլոր առեւտրային միջանցքներից եւ էներգետիկ ուղիներից մեկուսացնելու Ադրբեջանի պահանջներին» ,- հայտարարել է Ջոզեֆ Քրոուլին: Հուլիսի սկզբին կոնգրեսականներ Ջո Քոլլենբերգը, Ֆրանկ Փալլոունը, Ջոզեֆ Քրոուլին եւ Ջոն Սուինին հայտարարել էին, որ մտադիր են դիմել ԱՄՆ-ի նախագահին եւ իրենց անհանգստությունը հայտնել այն փաստի վերաբերյալ, որ ամերիկյան հարկատուների դրամը կարող է օգտագործվել Հայաստանի մասնակցությունը բացառող կասպիական նավթի արտահանման նածագծերի ֆինանսավորման նպատակով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: