ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) բարձրաստիճան պատվիրակությանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցիչներին` ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականցվող ճանապարհաշինարարական մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար:
ԱԶԲ-ի գործադիր տնօրեն Աշոկ Լահիրիի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու և «Հյուսիս- Հարավ» երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի առաջին տրանշի` Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար արդեն հայտարարվել է մրցույթ, և մինչև տարեվերջ շինարարական կազմակերպության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Զուգահեռ աշխատանքներ են տարվում ծրագրի երկրորդ մասնաբաժնի ստացման համար:
Մ.Վարդանյանն անդրադառնալով նաև մրցույթների անցկացման կարգին` տեղեկացրել է, որ մրցութային հանձնաժողովում արդեն ընդգրկվել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ լրատվամիջոցների մասնակցությամբ ապահովվում է դրանց թափանցիկությունը:
Աշոկ Լահիրին գոհունակություն է հայտնել Հայաստանում բանկի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի որակի վերաբերյալ և կարևորել դրանց պահպանումն ու շահագործումը:
Նախարար Մ.Վարդանյանը բանկի ներկայացուցիչներին առաջարկել է քննարկել նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի տարածաշրջանային զարգացման խնդիրը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: