5 հոկտեմբերի 2010 - 16:28 AMT
«Հայպետհիդրոմետ». Եղանակը շուտով կտաքանա, բայց ոչ տևական ժամանակով

«Օդի ջերմաստիճանը, եթե մինչև երեկ բարձր էր նորմայից, ապա երեկ հավասարվեց նորմային, նույնիսկ կարող ենք ասել, որ 1 աստիճանով նվազեց: Առաջիկա 2 օրերին կպահպանվի ամպամածությունը, և կլինեն տեղումներ: Առաջիկայում`հոկտեմբերի 7-ին, տեղումները կթուլանան, իսկ դրանց հավանակությունը կպահպանվի միայն առանձին շրջաններում: Հոկտեմբերի 8-10-ը հանրապետությունում, բացառությամբ Լոռու և Տավուշի մարզերի, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ»,- հոկտեմբերի 5-ին մամլո ասուլիսում ասել է «Հայպետհիդրոմետի» օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, հոկտեմբերի 8-ից սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, որը կտատանվի 23-24 աստիճաններում:

Զ. Պետրոսյանի խոսքերով, առաջիկայում ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններ չեն սպասվում, սակայն հոկտեմբերի 11-ին կրկին կանխատեսվում են տեղումներ: Հոկտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը, ըստ նրա, 19-20 աստիճան է:

Հոկտեմբերի 4-ին տեղացել է 27 միլիմետր անձրև, որը ըստ համապատասխան ուսումնասիրությունների, կազմել է հոկտեմբեր ամսվա տեղումների նորմայի կեսը:

Մասնագետը խորհուրդ է տվել ձեռքի տակ ունենալ և տաք հագուստ, և’ անձրևանոց: