12 հոկտեմբերի 2010 - 15:51 AMT
Կենտրոնական բանկը մարզերի բնակչությանն է ներկայացնում Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

Այսօր Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Գյումրի քաղաքում բացվեց «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որի նպատակն է Շիրակի մարզի բնակիչներին ներկայացնել ազգային դրամի և դրամաշրջանառության պատմությունը, ծանոթացնել ԿԲ գործունեությունը: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը, մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Երևանի դպրոցականներն ունեն նման հնարավորություն, նրանք այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ստեղծել նաև մարզերի աշակերտների, ուսանողների և բնակչության համար:

Ցուցահանդեսի բացմանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյանը նշեց, որ Գյումրիում կազմակերպվող ցուցահանդեսը նպատակ է հետապնդում մարզի բնակիչներին դրամաշրջանառության պատմությանը և Կենտրոնական բանկի գործառույթներին ծանոթանալու հնարավորություն տալ: Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Լոռու, Տավուշի, Վայոց ձորի մարզերում, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: