15 հոկտեմբերի 2010 - 15:03 AMT
Հոկտեմբերի 19-ին Երևանում կմեկնարկի Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը

Հոկտեմբերի 19-ին Երևանում կմեկնարկի Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը: Երեւանյան ֆորումը քննելու է ժողովրդավարական կառավարման սկզբունքները, դրանց կիրառումը եւ ազդեցությունը Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում ժամանակակից հասարակական-քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առանցքում: Ուսումնասիրության առարկա են հանդիսանալու այս ասպարեզներում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, վեր են հանվելու դրանց պատճառները, քննարկվելու են խնդիրների լուծման հնարավոր ուղիները:

Հիմնվելով նախորդ հինգ տարիների փորձի վրա` երեւանյան ֆորումի նպատակներից է լինելու քննել արդյունավետ ժողովրդավարական կառավարման մեխանիզմները` հաշվի առնելով ժողովրդավարության զարգացման հնարավոր հեռանկարները մինչեւ 2020թ. եւ ԵԽ-ում իրականացվող բարեփոխումները:

Համաժողովն իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 21-ին:

«Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը Եվրոպայի Խորհրդի ամենամյա խոշոր միջոցառումներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում քննարկումներ անցկացնել եւ տեսակետներ փոխանակել հիմնարար ազատությունների եւ իրավունքների, քաղաքացիական մասնակցության եւ ժողովրդավարության հետ կապված հարցերի վերաբերյալ:

Ֆորումը ստեղծվել է Եվրոպայի Խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովի ընթացքում: Այն գումարվում է 2005 թվականից եւ համարվում ԵԽ, այսպես կոչված, քառյակի` Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի, Ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային համաժողովի համատեղ միջոցառումը:

Ֆորումի նիստերն անցկացվել են Վարշավայում, Մոսկվայում, Ստոկհոլմում, Մադրիդում եւ Կիեւում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: