21 հոկտեմբերի 2010 - 15:39 AMT
ՀԲ-ի խորհրդատուն կօգնի ընտրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ-ի նոր օպերատորին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ժան Միշել Հեփիի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

ՀՀ փոխվարչապետը շնորհավորեց նորանշանակ տնօրենին եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ ՀԲ-ի հետ արդյունավետ, օգտակար համագործակցությունը կշարունակվի:

Ինչպես հայտնում է նախարարության մամլո ծառայությունը, կողմերը քննարկեցին ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի հետագա կառավարման հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը (որի կառավարման պայմանագրի ժամկետն ավարտվում է 2011 թ. հոկտեմբերին) վարձակալության հանձնելու եւ օպերատորի ընտրության գործընթացի վերաբերյալ ՀԲ-ի թիմի առաջարկներին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներում ներգրավել նաեւ ՀԲ-ի խորհրդատուի, որը կառավարությանը կօժանդակի վարձակալության հանձնման գործընթացը նախապատրաստելու, պայմաններն ու պարտավորություններն ամրագրելու հարցում:

Քննարկվեցին նաեւ ոլորտում կապիտալ ներդրումների եւ նպատակային ծրագրերի իրականացման համար ՀԲ-ից միջոցների ներգրավման հնարավորությունները: