Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՀ) հոկտեմբերի 22-ին Երևանում ներկայացրել է 2010-2012թթ. միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը, որի մշակմանը մասնակցել են ինչպես միջազգային կառույցներ, պետական հատվածը, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանության ՀԿ-ներ: «Մեր երկրում անհրաժեշտություն կա փոխել մրցունակ միջավայրը ոչ թե կարճաժամկետ միջոցառումների, այլ հիմնարար փոփոխությունների հաշվին, որոնք կարգավորում են այդ միջավայրը»,- ասել է ՏՄՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Արտակ Շաբոյանի խոսքերով, ռազմավարության մեջ զգալի տեղ է հատկացվում բնակչության տեղեկացվածության հարցին, ինչը թույլ կտա Հայաստանում ձևավորել բարեխիղճ մրցունակության միջավայր:
Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը նշել է, որ մշակվող փաստաթուղթն ուղղված է Հայաստանի շուկայում մրցունակության պայմանների բարելավմանը: «Մենք պատրաստ ենք աջակցել նման նախաձեռնություններին, բայց ամենագլխավորն այն է, որ այդ փաստաթուղթը հասանելի լինի հասարակության լայն շերտերին»,- ասել է նա:
«Մի կողմից, սա հավակնոտ փաստաթուղթ է, մեկ այլ կողմից` իրագործվող»,- հայտարարել է Հայաստանում GTZ ղեկավար Ջեյմս Մակբեթը: Նրա կարծիքով, 2010-2012թթ. ռազմավարական ծրագիրը կարևոր նշանակություն ունի ինչպես ներդրողների, այնպես էլ շահառուների և սպառողների համար: