Նոյեմբերի 8-13-ը Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Համազգային թատրոնի հետ համատեղ Երևանում կազմակերպում է ժամանակակից իտալական ֆիլմերի շաբաթ: Շաբաթը կուղեկցվի Դավիթ Մինասյանի «Իտալական կադրեր» քանդակների ցուցահանդեսով:
«Ցուցահանդեսի անցկացման վայրը շատ ճիշտ է ընտրված, այսպիսով միջոցառումը դուրս կգա նախագծի շրջանակներից և կվերածվի մի փոքր փառատոնի»,-նոյեմբերի 5-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քանդակագործ Դավիթ Մինասյանը:
Նա նշել է, որ ցուցահանդեսի գաղափարը պատահական չէր: «Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունների շոնրհիվ ես անդրադարձա իտալական մշակույթին, որից մենք շատ բան ենք սովորել ու շարունակում ենք դա անել»:
Բացի այդ, Դավիթ Մինասյանը հավելել է, որ նախագիծը անպայման շարունակական կլինի: «Մենք չենք սահմանափակվի եղած քանդակների շարքով, քանի որ իտալական մշակույթն անսպառ է: Այն շատ նման է հայկականին»,-ասել է նա:
ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին հավելեց, որ ցուցահանդեսը իտալական արվեստի ու մշակույթի ևս մեկ մեկնաբանություն է՝ նշելով, որ հայ և իտալացի ժողովրդների մշակույթը, ավանդույթները, ինչպես նաև խառնվածքը միշտ շատ մոտ են եղել: «Ցանկալի է, որ այս միջոցառումը պատուհան դառնար դեպի Իտալիա»,-ասել է նա: