Աշնանային զորակոչի անցկացմանը նպաստելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպության նախաձեռնած համատեղ միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել համալսարանական զինակոչիկների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը հայկական բանակն է, որը պաշտպանում է մեր պետականությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»,-զինակոչիկների հետ հանդիպմանը հայտարարել է Սեյրան Օհանյանը: Նախարարը կարևորել է հայկական բանակի հզորությունը, ինչն անհրաժեշտ է տարածաշրջանում լարվածության առկայության պայմաններում: Սեյրան Օհանյանը նշել է, որ համալրելով բանակը բարձրագույն կրթությամբ երիտասարդներով, հայկական բանակը շեշտը դնում է ոչ այնքան քանակի, որքան որակի վրա: Նա նշել է, որ ծառայության ընթացքում զինվորները կստանան բոլոր անհրաժեշտ կրթական ու մարտական ունակությունները:
Անդրադառնալով ոչ կանոնադրական հարաբերություններին՝ Օհանյանն ասել է, որ մեր բանակում նման երևույթ չկա, սակայն, արվում է ամեն ինչ, որպեսզի ապագայում դա ևս բացառվի: Սակայն, ըստ նախարարի, աշխարհի բոլոր բանակներում բախվում են այդ խնդրի հետ, մասնավորապես, կարգապահության պահպանման առումով: Խոսելով սպաների ու զինվորների միջև միջադեպերի մասին, նախարարն ասել է, որ վերջին տարիներին այդ միջադեպերի քանակը նվազել է: «Միջադեպեր բանակում եղել են, կան, և ցավոք սրտի, կլինեն, սակայն մենք աշխատում ենք դրանք նվազագույնի հասցնել»,-ասել է Օհանյանը: Նա նշել է, որ նման բախումները տեղի են ունենում հիմնականում այն պատճառով, որ զինվորը չի կատարում իր պարտականությունները: Նա հավելել է նաև, որ բանակն այն վայրն է, որտեղ երիտասարդները այս կամ այն կերպով լուծում են ինքնակայացման խնդիրները:
Անդրադառնալով ծառայությունից հետո աշխատանքով ապահովելու խնդրին՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ ՊՆ-ն չի զբաղվում այդ հարցերով, սակայն լավագույն զինվորներին առաջարկվում է շարունակել ծառայությունը պայմանագրային հիմունքներով:
Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե հայկական բանակի դիրքերը թուլանում են, Օհանյանն ասել է, որ այդ ադրբեջանական կողմի դիրքերն են թուլանում, որը չի կատարում իր պարտավորությունները, իսկ Հայաստանի ու ԼՂՀ-ի դիրքերը ոչ միայն չեն թուլանում, այլ ուժեղանում են: Օհանյանը նշել է նաև, որ զերծ մնալով սպառազինությունների մրցավազքից, Հայաստանը այնուամենայնիվ ձեռք է բերում նոր սպառազինություն և այդ գործընթացը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում է:
«Ուժերի բալանսի պահպանման խդնիրը մենք լուծում ենք ոչ թե քանակական, այլ որակական գերազանցության հաշվին: Կան հակառակորդի քանակային գերազանցության չեզոքացման շատ միջոցներ և մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր»,-ասել է Օհանյանը: