ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության համագումարի մասնակիցներին ու հյուրերին և նշել է, որ այդ կազմակերպության դերը ռուս-հայկական բարեկամական կապերի զարգացման առումով ամենաանկեղծ ճանաչման է արժանի:
«10 տարվա ակտիվ ու արդյունավետ գործունեության արդյունքում ՌՀՄ-ն վերածվել է հեղինակավոր և պահանջված հասարակական կազմակերպության, որը միավորում է շուրջ 2,5 մլն ռուսաստանցի հայերին: Ձեր ակտիվում են լուրջ հումանիտար, լուսավորչական նախագծեր, մեր երկրում ազգամիջյան ու միջկրոնական հարաբերությունների ներդաշնակեցմանն ու ամրապնդմանն ուղղված հետևողական աշխատանքը»,-ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձում:
Պուտինը նշել է նաև Միության ներդրումը երկու երկրների առևտրատնտեսական, մշակութային ու գիտական կապերի սերատցման գործում: Պուտինը վստահություն է հայտնել, որ «Միության փառավոր ավանդույթները և բարի առաքելությունը առաջիկայում ևս թույլ կտան նրան դինամիկ զարգանալ, ներգրավելով տաղանդավոր, սրտացավ մարդկանց»,-ասվում է ՌԴ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: