25 նոյեմբերի 2010 - 15:10 AMT
Մինչև տարեվերջ Հայաստանը կմիանա ԱՀԿ Պետգնումների մասին պայմանագրին

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ին ընդունվելու է վերջնական որոշում ԱՀԿ Պետգնումների մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին: Այդ մասին նոյեմբերի 25-ին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը: «Այդ պայմանագրի մասին քննարկումներն արդեն ավարտվել են, և ընդունվելու է վերջնական որոշում»,- ասել է նա:

ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Գնումների մասին» ՀՀ նոր օրինագիծը, որն ընդունվելու է մինչև տարեվերջ:

Կարեն Բրուտյանը նշել է, որ հայկական ընկերությունների համար հնարավորություն կստեղծվի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պետգնումների մասին պայմանագրի մասնակիցների` 45 երկրների հետ հավասար պայմաններում մասնակցել միջազգային մրցույթներին: «Մեր ընկերությունները կկարողանան գտնել նոր շուկաներ իրենց արտադրանքն իրագործելու համար»,- ասել է նա: