29 նոյեմբերի 2010 - 14:14 AMT
Իլհամ Ալիևի արտահայտությունները վկայում են այն մասին, որ նա տեղյակ չէ, թե ինչ է դիվանագիտությունը

Իլհամ Ալիևի արտահայտությունները ՌԴ նախագահի ու վարչապետի մասին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Ուիլյամ Բերնսի հետ զրույցում վկայում են այն մասին, որ նա տեղյակ չէ, թե ինչ է դիվանագիտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, Ալիևը անցել է բոլոր սահմանները: «Դիվանագիտության մեջ ընդունված չէ մի երկրի դիվանագիտական ներկայացուցչի հետ զրույցում քննարկել այլ երկրների ներկայացուցիչներին»,-ասել է նա: Նա նշել է, որ տվյալ փաստաթղթերի գաղտնազերծումը չի բխում Ադրբեջանի շահերից:

Մեկնաբանելով այն, թե ինչպես կանդրադառնա դա Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի վրա՝ Շարմազանովն ասել է, որ նման հայտարարությունները չեն կարող ազդել տարածաշրջանային գործընթացների վրա: Նա նշել է նաև, որ գուցե և ոչ հրապարակայնորեն, սակայն կուլիսների ետևում ՌԴ նախագահը բացատրություններ կպահանջի իր ադրբեջանցի պաշտոնակցից:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես դա կարող է ազդել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա՝ Շարմազանովը չի բացառել, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իր դեմ կտրամադրեն ՌԴ հանրությանը: