26 մայիսի 2003 - 00:50 AMT
ՏԱՐԲԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՆՇՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Խորհրդարանական ընտրարշավին մասնակցող տարբեր քաղաքական ուժերի կողմից արդեն նշվել են այսօր Հայաստանում անցկացվող խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեղ գտած ընտրական օրենսդրության մի շարք խախտումներ: Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը տեղեկացրել է, որ 22-րդ ընտրատեղամասում արձանագրվել է ՀՅԴ-ի կողմից թեկնածուի վստահված անձանց աշխատանքը խոչընդոտող փաստ: Թավուշի մարզի Չամբարակ գյուղում տեղակայված 33-րդ ընտրատեղամասում արձանագրվել է փաստ, երբ զինծառայողների քվեաթերթիկները լրացված են եղել ուրիշ թանաքով, այլ ոչ թե այն գրիչներով, որոնք նախատեսված են քվեարկության համար, ընդ որում ՀՅԴ ներկայացուցիչներին հաջողվել է պարզել, որ զինծառայողները քվեարկել են Հանրապետական կուսակցության օգտին: Վարդենիսում նշվել է բաց քվեարկության փաստ: ՀՅԴ-ի շտաբում Արարատի մարզից ստացվել է ահազանգ, որ 22-րդ ընտրատարածքում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը խանգարում է քվեարկության ընթացքին` սպառնալով ընտրական հանձնաժողովների անդամներին - վստահված անձանց: Բոլոր նշված փաստերի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկված է Հայաստանի ԿԸՀ, նշել է Վարդանյանը: Իսկ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբում 14.00-ի դրությամբ արձանագրվել է ընտրական օրենսդրության ավելի քան 50 խախտում: Ամենացայտունը` ընտրողների ձայների բացահայտ կաշառքն է: Մասնավորապես, 13-րդ ընտրատարածքում գտնվող թիվ 0296 տեղամասում ընտրական հանձնաժողովի ղեկավարը ընտրությունների նախօրեին փոխարեն ընտրաթերթիկները փակեր չհրկիզվող պահարանում` տարել էր իր տուն, ինչը համարվում է օրենքի կոպիտ խախտում: