
Թուրքիան տնտեսական տեսակետից շատ շահագրգռված է գազ գնել Իրանից, Իրաքից ու մերձկասպյան պետություններից: Թուրքիան ցանկանում է դառնալ դեպի Եվրոպա ռուսական ու Կենտրոնական Ասիայի գազի գլխավոր առաքողը և այդ համատեքստում նա է գլխավոր հաղթողը Nabucco-ի և «Հարավային հոսքի» միջև պայքարում: Այդ մասին հայտարարել է գերմանացի քաղաքագետ, էներգետիկ քաղաքականության գծով փորձագետ Ալեքսանդր Ռարը: Ըստ նրա, Թուրքիան միակ երկիրն է, առանց որի ոչ մի գազատար Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա չես կառուցի: Անկարան չի ցանկանում մնալ ուղղակի գազի տարանցման երկիր, ինչպես այսօր: Օգտագործելով իր հրաշալի աշխարհաքաղաքական դիրքը՝ նա կխաղարկի այդ խաղաքարտը և գազ կգնի ու կվաճառի:
Ռարը գտնում է, որ Թուրքիան տարանցիկ պետությունից գազ վաճառող երկիր դառնալու շանս ունի, ինչը կուժեղացնի երկրի դերը որպես կամուրջ Ասիայի ու Եվրոպայի միջև, գտնում է փորձագետը: «Սակայն, ժամանակը ցույց կտա, թե որքանով Արևմուտքը թույլ կտա, որ Թուրքիան նման կարգավիճակ ստանա»,-ասել է նա, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: