27 դեկտեմբերի 2010 - 15:06 AMT
Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ոչ մի կապ չունի այլ գործընթացների հետ

2010թ. Շվեդիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բուռն զարգացման մեջ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, դա հերթական անգամ ապացուցեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ մի կապ չունի այլ գործընթացների հետ: Նա նշեց նաև, որ Ցեղասպանության ճանաչումը կախված է ոչ այնքան Հայաստանի և հայկական լոբբիի նախաձեռնություններից, որքան պետությունների շահերից:

Անդրադառնալով թանգարան-ինստիտուտի գործունեությանը՝ Դեմոյանն ասել է, որ թանգարան-ինստիտուտը մեկ նպատակ ունի՝ գրագետ և մանրամասն կերպով իրազեկել համաշխարհային հանրությանը Ցեղասպանության պատմության մասին ցուցահանդեսների, խորհրդաժողովների ու դասախոսությունների միջոցով: «Մեր նպատակն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ոչ միայն քաղաքական շահերից ելնելով, այլ նաև այդ փաստի լիարժեք գիտակցության հիման վրա»,-ասել է Հայկ Դեմոյանը: