
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 1-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Արցախի պետական համալսարանի հանրակացարանի կենցաղային պայմանների բարելավման հիմնախնդրին:
Իրավիճակը բնութագրող զեկույցով հանդես է եկել բուհի ռեկտոր Ստեփան Դադայանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ ժամանակակից պայմաններին համապատասխան հանրակացարանի առկայությունը հանդիսանում է ուսման գործընթացի կարևորագույն բաղադրամասերից մեկը:
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` մայր բուհի հանրակացարանի պայմանների բարելավման նպատակով համակողմանի ծրագրեր մշակելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: