23 փետրվարի 2011 - 20:45 AMT
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 23-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը շեշտեց, որ չնայած ՀԲ-ի հետ սերտ համագործակցությանը և այն հանգամանքին, որ մինչ օրս համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, այս տարի պետք է նոր թափ հաղորդվի այդ համագործակցությանը, քանի որ գյուղատնտեսությունը հռչակվել է որպես գերակա ոլորտ: «Մենք առանձնապես կարևորում ենք ՀԲ-ի կողմից աջակցվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը», քանի որ ունենալով լեռնային երկիր` հիմնականում պետք է զարկ տանք անասնապահությանը: Այս ծրագիրը կնպատի անասնապահության և համայնքերի զարգացմանը: Այս պահին ծրագրում ընդգրկված է 55 համայնք, նախատեսում ենք դրանց թիվը հասցնել 100-ի», - նշեց Սերգո Կարապետյանը:

Զրույցի ընթացքում նա կարևորեց նաև ներմուծվող գյուղատնտեսական ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու անհրաժեշտությունը, ներկայացրեց սերմաբուծության զարգացման ծրագրերը` կարևորելով պարենային ապահովվածության հարցը:

Անասնապահության զարգացման հեռանկարի առումով նախարարը նկատեց, որ իրականացվելու է անասնագլխաքանակի հաշվառման, գրանցման և անձնագրավորման ծրագիր: Այն պիլոտային է և կիրականացվի Շիրակի մարզում: Խոսքը 55-57 հազար գլխի մասին է:

Ասադ Ալամն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել վերջիններիս իրականացման ընթացքին: «Մեր համագործակցությունը լավ հիմքեր ունի, ուստի ամբողջ թիմով պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացման նոր ծրագրերին», - վստահեցրեց Ասադ Ալամը:

«Ծրագրերի իրականացումը լինելու է իմ անմիջական հսկողության ներքո, որպեսզի դրանք ամբողջությամբ, այդ թվում մեզ համար խիստ կարևոր Համաշխարհային բանկի կողմից աջակցվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը», իրականացվեն ժամանակին, գումարները ծախսվեն նպատակային»,- հանդիպման ավարտին հավաստիացրեց գյուղատնտեսության նախարարը: