Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելևի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Սերգեյ Սավելևը ներկայացրել է գործակալության կարևորությունը ոլորտի զարգացման գործում, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք կարող են երկուստեք համագործակցության հիմք դառնալ: Մասնավորապես, խոսվել է տրանսպորտի ոլորտում մոնիտորինգի իրականացման, երկուստեք տեղեկատվության փոխանակման մասին:
Մանուկ Վարդանյանն իր հերթին առաջարկել է ավելի ակտիվացնել համագործակցությունը`օգտագործելով հայ մասնագետների ներուժը, ինչպես նաև քննարկել ուսանողների վերապատրաստպման հարցը:
Նախարարի հրավերով նույն օրը ՌԴ տիեզերական գործակալության պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին նվիրված երկու նամականիշերի մարման պաշտոնական արարողությանը: