18 ապրիլի 2011 - 16:27 AMT
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կրկին հայտնում է, որ չի մասնակցելու ԼՂ հարցով ենթակոմիտեի աշխատանքներին

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի գործունեության հարցում անփոփոխ է մնում: «Մենք մտադիր չենք մասնակցել մի գործընթացի, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով և նոր լարվածությամբ»,- մամլո ասուլիսում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, ապրիլի 11-15-ը տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում ինքը կրկին ներկայացրել է այդ դիրքորոշումը ինչպես ընդլայնված նիստի ընթացքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի նախագահ Խորդի Կսուկլա ի Կոստային: «Ենթակոմիտեի նախագահի հետ հանդիպման ընթացքում ես մանրամասն ներկայացրել եմ մեր դիրքորոշումը»,- ասել է Հարությունյանը:

Հունվարի 28-ին ԵԽԽՎ Բյուրոյի նիստում իսպանացի պատգամավոր Խորդի Կսուկլա ի Կոստան ընտրվեց Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի նոր նախագահ: Փաստացիորեն ենթակոմիտեն երկար ընդմիջումից հետո վերագործարկվել է ԵԽԽՎ նախագահ, թուրք պատգամավոր Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: