19 ապրիլի 2011 - 09:23 AMT
Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի Օլիմպիական խաղերի 250 մասնակիցների օրհներգերը

Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի 2012 թվականի ամռանը բրիտանական մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի 250 մասնակիցների օրհներգերը: Ձայնագրությունների շուրջ աշխատանքը կմեկնարկի մայիսին և կավարտվի սեպտեմբերին:

Ձայնագրությունը տեղի կունենա հանրահայտ «Էբբի Ռոուդ» լոնդոնյան ստուդիայում, որտեղ ժամանակին իրենց ալբոմներն էին ձայնագրում «Բիթլզն» ու «Փինք Ֆլոյդը», հաղորդում է newsru.com-ը:

Օլիմպիադայի մասնակից երկրների օրհներգերի կատարմանը կմասնակցեն Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախմբի 36 երաժիշտներ: Աշխատանքն ընդհանուր առմամբ 6 սեսիա կտևի` 50 ժամ:

Նվագախումբը կղեկավարի բրիտանացի դիրիժոր և կոմպոզիտոր Ֆիլիպ Շեպարդը: Նա նոր գործիքավորում է պատրաստել «Աստված, փրկիր թագուհուն» բրիտանական ազգային օրհներգի համար, որը կատարվեց 2008 թվականին Պեկինում Օլիմպիական խաղերի ժամանակ: