19 ապրիլի 2011 - 19:12 AMT
Հայաստանի նախագահը ողջունել է բրիտանական պատվիրակության` Արցախ այցելելու որոշումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 19-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը կարևորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցելությունը մեր երկիր` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը:

Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և տեղում ծանոթանալ, լիարժեք պատկերացում կազմել հիմնախնդրի էության ու իր հողի վրա ազատ և անկախ ապրելու` Արցախի ժողովրդի ձգտման մասին:

Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը: Այցի շրջանակում Երևանում ունեցած հանդիպումները նրանք համարել են բավականին արդյունավետ և օգտակար, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: