27 ապրիլի 2011 - 17:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ-ը խոստանում է բոլոր հարցերին պատասխանել վաղվա հանրահավաքի ժամանակ

«Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կպատասխանի բոլոր հարցերին վաղվա հանրահավաքի ժամանակ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ՀԱԿ մամլո քարտուղար Արման Մուսինյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը իշխանությունների ու ընդդիմության երկխոսության մասին: Նախագահը հայտարարել է, որ «Հայաստանում կա ուժեղ իշխանություն, ուժեղ ընդդիմություն, որը թույլ չի տալիս իշխանություններին թուլացնել զգոնությունը, և, համագործակցելով, մենք կարող ենք լուրջ առաջընթացի հասնել երկրում»: «Եվ այստեղ մենք կրկին պատրաստ ենք առաջին քայլերն անել իրավիճակի լիցքաթափման առումով և ես արդեն առաջարկել եմ արդարադատության նախարարին համապատասխան առաջարկություններ ներկայացնել»,-ասել է նախագահը:

Իր հերթին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 8-ի հանրահավաքում հայտարարել էր, որ ապրիլի 28-ի հանրահավաքը կարող է ջրբաժան հանդիսանալ իշխանությունների ու ընդդիմության միջև, եթե չկատարվեն ՀԱԿ-ի պահանջները՝ ազատել քաղբանտարկյալներին, թույլ տալ բողոքի ցույցերի անցկացումը Ազատության հրապարակում, հետաքննել մարտի 1-ի իրադարձություններն ու պատժել մեղավորներն:

ՖՈՏՈՇԱՐՔ