Մայիսի 9-ից 10-ը Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում առաջին անգամ կայացավ էլեկտրոնային մարքեթինգի և կայքերի առաջխաղացման երկօրյա սեմինար: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի 12 առաջատար տուրիստական գործակալներ:
Նիդեռլանդների կառավարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված սեմինարի շրջանակներում հոլանդական փորձագետներ Դերեկ Վիսերն ու Վիլյամ Բլոմն էլեկտրոնային մարքեթինգի, առցանց գովազդի, էլեկտրոնային կոմերցիայի հարցում իրենց փորձով կիսվեցին Հայաստանի և Վրաստանի տուրիստական գործակալությունների ղեկավարների հետ: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց Բլոմը, իրենք զեկույց են պատրաստել տուրիստական գործակալությունների կայքերի մասին, որպեսզի համոզվեն, որ դրանք հնարավոր է գտնել Google որոնման համակարգի միջոցով:
«Վերադառնալով Նիդեռլանդներ` մենք մտադիր ենք կապ պահպանել տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի շարունակենք խորհրդատվությունները»,- ասել է Բլոմը:
Փորձագետ Դերեկ Վիսերն իր հերթին նշել է, որ իրենք ցանկանում են օգնել հայկական տուրիստական գործակալություններին Հայաստանում իրենց բիզնեսն ու տուրիստական արդյունաբերությունը զարգացնելու գործում: